Հարիսա

Նախ մի փոքր ներկայացնենք, թե որտեղից է առաջացել հարիսան:
Ըստ ավանդույթի, Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, նա վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերի համար: Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։
Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրն ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։

Advertisements

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը:
Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:
1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:
Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։
Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Մխիթար միաբանության զինանշանը

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր`  Ո.Կ.Վ.Ա., դրանք  «Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության» նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք: Քանի որ իրական  մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել, նա իրականացնում է իր առաքելությունը `քարոզելու Հիսուսի Ավետարանը: