Անգույն Գույներ

-Հերթական անգամ «Լավագույն նկարիչ» մրցույթի հաղթող է ճանաչվում Թոմ Ռոբսոնը,- գոչեց քառասունամյա տղամարդը: 

Թխահեր տղան, նստած մահճակալին, ականջակալներն ականջին, ուշադիր նայում էր նոութբուքի էկրանին`: Նրա երկար, շագանակագույն մազերը թափվում էին աչքերին, բայց միևնույն է հնարավոր էր տեսնել նրա բաց կապույտ աչքերը : 

Տղայի դեմքի արտահայտությունը չփոխվեց, բայց նա ուրախ էր: 

Իր սենյակի բաց կապույտ պատի դարակում շարված էին գավաթները, բոլորի վրա գրված՝ «Լավագույն նկարիչ` Թոմ Ռոբսոնին»: 

Տղան շարունակում էր նայել մրցանակաբաշխությունը, երբ ինչ-որ մեկը թփթփացրեց ուսին: Նա պտտվեց և տեսավ մի քառասունամյա կնոջ, ում աչքերը շատ էին նման իրենին: Ականջակալը հանեց և նայեց նրան: 

-Այդեն, ընթրիքը պատրաստ է: 

Այդենը գլխով արեց և շարունակեց նայել մրցանակաբաշխությունը: Որոշ ժամանակ անց իջավ ճաշասենյակ: Ընթրիքը լուռ անցավ, ինչպես միշտ: Նրանից հետո Այդենը վերադարձավ իր սենյակ և մնաց այնտեղ մինչև օրվա վերջ: 

*** 

Բացելով աչքերս առաջին բանը, որ տեսա իմ սենյակը լուսավորող արևի շողերն էին: Արևը: Այդ հսկայական կրակե գունդը այնքան մեծ էր, որ լուսավորում էր ամբողջ աշխարհը և դու կարող ես զգալ նրա ջերմությունը, լինելով հազարավոր կիլոմետրեր հեռու: 

Վեր կացա և սկսեցի պատրաստվել դպրոցին: Երբ ավարտեցի, իջա ներքև, նախաճաշեցի և մոտենալով դռանը կանգ առա: Երկար ժամանակ նայեցի այդ փայտի կտորին: Ձեռքս մոտեցրեցի բռնակին, բայց ուժ չունեցա բռնել այն: Այդպես անցավ մի քանի րոպե: Վճռականությամբ լցվելով, պինդ բռնեցի բռնակը և բացեցի դուռը: 

Օրը արևոտ էր: Կապիշոնս քաշեցի գլխիս և գլուխս կախ սկսեցի քայլել: Ես ցանկանում էի ուղղակի այնքան փոքրանալ, որ ոչ ոք ինձ չնկատի, և նույնիսկ չիմանա իմ գոյության մասին: Բայց, ավաղ, դա անհնար էր: 

Շատ տների կողքով անցա, բոլորն էլ նույն էին: Նույն խնամված բակը և նույն սպիտակ ներկված պատերը: Ինչպես մարդիկ չէին հոգնում այս նույնությունից: Ճանապարհիս մի ջրափոս հայտնվեց: Երևի տանտերը ոռոգման ջուրը բաց էր թողել։

Ջրափոսի եզրին կանգնած նայում էի իմ արտացոլանքին: Ես միշտ հավատացել եմ ուրիշ աշխարհների գոյությանը: Երանի լիներ մի աշխարհ, որտեղ բոլորը ինձ նման լինեին: Եվ այս ջրափոսը լիներ մի գաղտնի դուռ, որն ինձ այնտեղ կտաներ: Ոտքս դրեցի ջրի մեջ, բայց ոչինչ չպատահեց: Ես դեռ այս աշխարհում եմ, որտեղ ոչ ոք ինձ չի հասկանում: 

Հոգոց հանելով, գլուխս կախ շարունակեցի ճանապարհս: Տեսնելով դպրոցը, պայուսակիցս հանեցի ականջակալներս և դրեցի ականջներիս: Ես ուղղակի ցանկանում էի անջատել արտաքին աշխարհը: 

Երբ մտա դպրոցը, զգացի բոլորի հայացքը ինձ վրա: Բոլորը դադարացրել էին իրենց խոսակցություններն ինձ նայելու համար: Մի քանի վայրկյան լռությունից հետո սկսեց ծիծաղը: Ես չէի կարող լսել այն, բայց տեսնում էի ամեն ինչ: 

Տեսնում էի բոլորի մատները, որոնք իմ կողմն էին ուղղված: Տեսնում էի թե ինչպես էին նրանք զվարճանում, և վստահ եմ, որ նույնիսկ իրենց հորինած մականուններով էին կանչում: 

Ես փրկվեցի, երբ զանգը հնչեց և բոլորը գնացին դասի: Մտնելով դասասենյակ, գնացի դեպի ամենաետևի նստարանը: Պայուսակս դրեցի մի կողմ և նստեցի աթոռին: 

Իմ կյանքը շատ է փոխվել այն ժամանակվանից, երբ ինձ մոտ հայտնաբերվեց աուտիզմի սպեկտրալ խանգարում… 

Նույնիսկ փոքր հասակում ես չէի սիրում շփվել մյուս երեխանների հետ: Երբ գնում էին խաղահրապարակ, ուղղակի նստում էի մի անկյունում և ավազով խաղում: Կամ ավելի մեծ տարիքում, երբ մյուսները բակում խաղում էին, ես ինձ համար մի ծառի տակ նստած նկարում էի: 

Տասնմեկ տարեկանում իմ ծնողները հասկացան, որ իմ չշփվելու պատճառը ուղղակի ամաչկոտ և փակ լինելը չէր: Նրանք ինձ տարան հոգեբանի մոտ և որոշ ժամանակ ինձ հետևում էին շատ մասնագետներ, ցանկանալով պարզել, թե արդյոք նրանց կասկածները ճիշտ են: 

Եվ այդպիսով մի օր ծնողներիս զանգեց իմ հոգեբանը և հայտնեց իմ ախտորոշման մասին: 

Երբ իմացա, շատ վրդովվեցի: Ես չէի ցանկանում տարբերվել մյուսներից, ուղղակի ցանկանում էի լինել ինչպես բոլորը: Այսքան ժամանակ չէի հասկանում, թե ինչու չեմ կարողանում շփվել մյուսների հետ, նոր ընկերներ ձեռք բերել: Իսկ հիմա ամեն ինչ պարզ էր: 

Որոշեցի լինել ինչպես բոլորը, չէի ցանակնում թողնել այդ հիվանդությանը կագնել իմ ճանապարհին: Չնայած իմ տանջաքներին, հաղորդակցվելը ինձ մոտ շատ դժվար էր ստացվում: Չէի կարողանում նայել զրուցակցի աչքերին: Սոցիալական հաղորդակցությունը, որը բոլորի մոտ բնականորեն էր գալիս, ինձ համար պահաջում էր շատ տանջանք և պլանավորում: Ամեն անգամ ինչ որ մեկի հետ խոսելիս, նրանք փորձում էին ինչքան հնարավոր է շուտ վերջացնել խոսակցությունը և հեռանալ ինձնից: Իմ մոտ արդեն այն տպավորությունն էր, որ նրանք ինձնից վախենում էին: 

Ժամանակին մի ընկեր ունեի: Նա ի տարբերություն ինձ, շատ աշխույժ, ընկերասեր և ժպտերես էր: Լինում էին ժամանակներ, երբ մտածում էի, թե ինչպես ենք մենք ընկերներ: Լցվելով վճռականությամբ որոշեցի պատմել նրան իմ գաղտնիքը: Եվ այդպիսով, մի օր, երբ մենք նստած էին իմ սենյակում, ամեն ինչ պատմեցի նրան: 

Սկզբից լուռ էր, բայց հետո ժպտաց: Հասկացա, որ ամեն ինչ լավ է: Հաջորդ օրը, երբ գնացի դպրոց, նա չվազեց ինձ բարևելու: Սկզբից մտածեցի, որ ուղղակի չի նկատել, կամ իր մյուս ընկերների հետ է խոսում: Բայց հաջորդ պահին, երբ բոլորը ինձ տեսնելով սկսեցին ծիծաղել, իմ մեջ վախ առաջացավ: Բոլորը վիրավորական անուններ էին գոչում և մատով ինձ ցույց տալիս: Եվ երբ պտտվեցի, սիրտս կտոր կտոր եղավ: Այն մարդը ում ես իմ ընկերն էի համարում նույնպես ծիծաղում էր: 

Այդ օրվանից իմ կյանքում չի եղել մի օր, երբ ինձ չեն ծաղրել: Շատ ժամանակ էլ, որոշները չէին սահմանափակվում ուղղակի ծաղրելով: Կյանքը անարդար էր…

Մտածմունքների մեջ ընկնելով չնկատեցի, թե ինչպես հանեցի իմ նոթատետրը և մատիտը: Հիմա իմ դիմաց թղթի վրա երկնքում թռչող մի ուղղաթիռ էր: Միշտ հրապուրված եմ եղել թռչող սարքերով: Թեև իմանալով նրանց թռիչքի գաղտնիքը, նրանք միևնույն է հիացնում էին ինձ: Այդ մետաղե սարքերը, կարողանում են թռչել փոքրիկ ճնճղուկների թեթևությամբ: 

-Այդե՛ն: 

Գլուխս բարձրացրեցի և նայեցի ուսուցչուհուս շագանակագույն աչքերին, որոնք լցված էին կարեկցանքով: Գլուխս ետ կախեցի, չկարողանալով նայել: Նույնիսկ ուսուցիչները գիտեն իմ մասին: Շատերը ուղղակի դադարեցին խոսել ինձ հետ, մտածելով թե ոչինչ չեմ հասկանում: 

Միսսիս Լինսքոթը այն քիչ մարդկանցից է, ով դեռ խոսում է ինձ հետ: Բայց նա միշտ նայում է ինձ խղճահարությամբ: Եվ ես չունե՛մ ոչ մեկի խղճահարության կարիքը:

-Արդեն տաս րոպե է կանչում եմ, բայց չես պատասխանում,- ասաց նա: Ես ինձ մեղավոր էի զգում: 

-Ներողություն,-ասեցի ցածր ձայնով: 

-Դասը արդեն ինչ տաս րոպե է ավարտվել է, պետք է գնաս,- ասաց Միսսիս Լինսքոթը փափուկ ձայնով:

Նայեցի շուրջս և նկատեցի, որ դասարանը դատարկ է: Պայուսակս վերցնելով, վեր կացա և լքեցի դասարանը: Հաջորդ դասը մաթեմատիկա էր և ես արդեն տասը րոպե ուշացել էի: 

Երբ մտա դասարան բոլորի հայացքը ուղղվեց ինձ վրա: 

-Ինչո՞ւ ես ուշանում Միլլեր,- հարցրեց միստր Ստոկֆորդը թքելով բառերը:

Ամենախիստ ուսուցիչներից էր: Այդ տղամարդը անպայման մի ձև կգտներ քո կյանքը դաժան դարձնելու:  Բայց հենց ինձ մի ուրիշ ձև էր ատում: Իմ տարբեր լինելու պատճառով ամեն ինչ կաներ, որպեսզի ինձ դասարանի դիմաց ծաղրի առարկա դարձներ: Բայց, իհարկե, նա դրա համար նույնիսկ շատ տանջվելու կարիք չուներ: 

-Ե-ես ուղղակի ժ-ժամանակի հաշիվն է-էի կորցրել,- պատասխանեցի բառերը մի ձև դուրս հանելով: 

Միստր Ստոկֆորդը սկսեց ծիծաղել: 

-Հա՛հ: Ուրիշ ի՞նչ պետք էի սպասեի: Նույնիկս չգիտեմ թե քեզ պես հիվանդներին ինչու են թողնում լինել հասարակության մեջ: 

Ես գլուխս կախ նայում էի գետնին: Ախր ինչո՞ւ: Ինչո՞ւ էր նա ինձ ծաղրում ամբողջ դասարանի դիմաց: Սա անարդար էր: 

Միստր Ստոկֆորդը, ավարտելով ծիծաղելը, գոչեց: 

-Գնա՛ նստիր: 

Ինձ դասերից հետո էլ չթողեց։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև չէր էլ ցանակնում նույնիսկ մեկ ավել րոպե անցկացնել իմ նմանի հետ:

Գետնին նայելով ուղղվեցի դեպի ամենավերջին նստարանը: Մոտենում էի վերջին շարքին, երբ ոտքս դիպավ ինչ որ բանի և դեմքի վար ծեփվեցի գետնին: Գլուխս բարձացրեցի և տեսա բոլոր դասարանը իմ վրա ծիծաղելիս: 

-Լռությո՛ւն: Ձեզ ոչ ոք չի թույլատրել ծիծաղել,-գոչեց միստր Ստանկֆորդը: Նրա շրթունքները կորացել էին և նրա աչքերը փայլում էին: Նա վայելում էր պահը:

Իմ զգացմունքները ուրիշների պես չեմ արտահայտում: Իմ համար արցունքները, տխրության նշան չեն, կամ ժպիտը` ուրախության: Ես սովորել եմ այդ նշանները մյուսներին հասկանալու համար և երբեմն դրա պատճառով ինձ ռոբոտ եմ զգում: 

Պայուսակս լուռ վերցրեցի և նստեցի աթոռին: Արագորեն հանեցի նոթատետրս և մատիտը, ու սկսեցի նկարել: Սա էր իմ զգացմունքներն արտահայտելու ձևը: 

*** 

Երկար դասամիջոցը շուտ եկավ: Բոլորը գնացին դպրոցի ճաշարան, բայց ես ուղղվեցի դեպի բակ: Չէի կարողանում դիմանալ այդ աղմուկին, և նրանց ծամելու ձայներն ահավոր էին:

Հենվեցի մի ծառի և սկսեցի նկարել, միաժամանակ ուտելով իմ սենդվիչը: Չգիտեմ ինչքան ժամանակ նստեցի այդտեղ, բայց տեսնելով դպրոցից դուրս եկող աշակերտներին, հասկացա, որ դասերն ավարտվել էին: 

Վերցրեցի պայուսակս և ճանապարհվեցի դեպի տուն: Արդեն դուրս էի գալիս դպրոցի տարածքից, երբ մի ամրակազմ ձեռք կանգնեցրեց ինձ:

-Այդ ո՞ւր ես գնում, Անուղեղ,- հարցրեց Ստիվը: Նա այն տղաների շարքից էին, ովքեր ուղղակի վայելում էին ինձ ծաղրելը: 

Սկսեցի մտածել թե ինչ պատասխանեմ: Քանի գիշերներ եմ անցկացրել մտածելով պատասխաններ աշխարհում գոյություն ունեցող ամեն մի տեսակի հարցերի համար և հիմա, երբ պահը եկավ, ուղղակի չեմ կարողանում խոսել: Իմ մտորումներից ինձ հանեց Ստիվի ձայնը: 

-Լավ, դե եթե չես ուզում խոսել… 

Երկու ձեռք բռնեցին ինձ և սկսեցին քաշել: Սկսեցի խուճապի մատնվել: Ստիվը և նրա ընկերները ինձ տարան դպրոցի ետևը և համոզվելով, որ մոտակայքում ուսուցիչ չկա սկսեցին խփել: 

Առաջին հարվածը ինձ շպրտեց գետնին, նրան հետևեցին մյուսները: Ուղղակի կծկվել էի և պահել գլուխս, փորձելով դիմանալ հարվածներին: Լսում էի նրանց ծիծաղը: Սա անարդար էր: Ինչո՞ւ ես պետք է տանջվեմ իմ տարբեր լինելու պատճառով: Ինչո`ւ:

Այդ պահին, իմ մեջ մի բան զգացի և դա անարդարության զգացում չէր, դա զայրույթ էր: Կատաղություն: Բացեցի աչքերս և կատաղորեն ետ հրեցի Ջոնին: Տղայի աչքերը լայնացան: Նույնիկս չցանկացա ուշադրություն դարձնել նրան և պտտվեցի հարվածելով իմ հետևի կանգնածին: Արդեն չէի հասկանում ինչ էի անում: Ինձ կատաղությունն էր տիրել: Եվ մի պահ կանգ առա, շնչառությունս ետ բերելու: Նայելով շուրջս, տեսա երկու տղաներին էլ գետնին: Ստիվը իր քիթն էր բռնել, իսկ Ջոնը՝ փորը: Աչքերը լայն բացած ինձ էին նայում: Աչքերի մեջ վախ կա: Ինձանից էին վախենում: 

Ապշածությունից ետ քայլ արեցի: Ես գիտեմ, որ իմ նմանները կարող են հանկարծակի կատաղել, բայց երբեք չէի մտածում, որ նրանցից մեկը կլինեմ: 

-Այդե`ն: Արի իմ գրասենյակ: Հե՝նց հիմա: 

*** 

-Ինչո՞ւ ես կռիվ սկսել,- հարցրեց տնօրենը քայլելով իր սենյակում: Նա չէր հասկանում, թե ինչու էին այդ երեխային դպրոց բերել: Այդ տղան վտանգավոր էր հասարակության համար: 

Այդենը նստաց աթոռին, գլուխը կախ նայում էր ձեռքերին: Տնօրենը, չլսելով պատասխանը, գոռաց. 

-ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԿՌԻՎ ՍԿՍԵԼ:

Տղան միևնույն է չէր հասկանում, թե ինչ է նշանակում, երբ ձայնը բարձրացնում են, բայց տնօրենը դա չգիտեր: Նա կատաղեց, որ տղան իրեն չի պատասխանում: Շատերը հիմա արդեն խնդրելուց կլինեին, որ իրենց ծնողներին չզանգեն, իսկ այդ տղան ուղղակի աթոռին նստած նայում էր գետնին, վախի նշույլ անգամ ցույց չտալով: 

-Նայիր աչքերիս, երբ քեզ հետ եմ խոսում: 

Ոչինչ: Տղան շարունակում էր անշարժ նստել: 

-Եթե հենց հիմա չպատասխանես, դպրոցից դուրս կհանեմ,- սպառնաց տնօրենը, հուսալով, որ գոնե սա տղային կվախեցնի: Բայց Այդենը շարունակում էր լուռ նստել: 

Սա վերջին կաթիլն էր: 

-Դո`ւրս արիր այստեղից: Դու հեռացվա՛ծ ես դպրոցից: 

Տղան հանգիստ վեր կացավ և լքեց սենյակը: Տնօրենը երկար ժամանակ նայեց դռանը: Իր այս քսան տարվա դպրոցում աշխատելու ընթացքում սա առաջին աշակերտն էր, ով չէր վախենում դպրոցից հեռացվելուց և դա վախեցնում էր իրեն:

*** 

Հասնելով տուն, դուռը լուռ բացեցի և ներս մտա: Պայուսակս դրեցի գետնին և ցանկանում էին բարձրանալ իմ սենյակ, երբ լսեցի ծնողներից խոսակցությունը խոհանոցում: 

-Հենց նոր դպրոցից զանգեցին,- ասաց մայրս: 

-Ի՞նչ է պատահել,-հարցրեց հայրս հայացքը բարձրացնելով իր սուրճի բաժակից: 

-Այդենը կռիվ է սկսել,- ասաց մայրս տխրությունը իր ձայնում: Հայրս արագորեն դրեց իր բաժակը սեղանին և վեր կենալով աթոռից մոտեցավ մորս:

-Վստա՞հ ես,-հարցրեց նա: Մայրս գլխով արեց:

-Սա լավ չէ: Մեզ զգուշացրել են, որ նրա մոտ կարող է կատղություն նկատվել, բայց ես չէի սպասում, որ Այդենը այսպիսի բան կանի, -շարունակեց հայրս։

-Միգուցե, նա պետք է մնա տանը և առանց մեզնից որևէ մեկի ուղեկցելու դուրս չգա,- առաջարկեց մայրս: 

-Ինձ թվում է ճիշտ ես,- պատասխանեց հայրս: 

Տեղումս սառած լսում էի խոսակցությունը: Նույնիսկ չցանկանալով լսել շարունակությունը, վերցրեցի պայուսակս և զգուշորեն բարձրացա իմ սենյակ չցանկանալով ծնողներիս իմաց տալ իմ տանը լինելու մասին: 

Սա արդեն վերջին կաթիլն էր: Ինձ ծաղրում են դպրոցում: Ես չունեմ ընկերներ: Ծնողներս հազվադեպ են ինձ հետ խոսում: Եվ հիմա էլ ուզում են ինձ զրկել իմ ազատությունից, փակելով ինձ տանը: 

Գնացի իմ սենյակ և նստեցի անկյունում թաքցնելով գլուխս ձեռքերի մեջ: Չգիտեմ ինչքան ժամանակ այդպես նստեցի, բայց մայրս եկավ, սեղանիս երկու սենդվիչ դրեց և դուրս եկավ առանց մի բառ ասելու:

Շարունակեցի այդպես նստած մնալ և դուրսը մթնեց: Ես այլևս չէի կարող այստեղ մնալ: Վերցրեցի պայուսակս և թափ տվեցի այն, թափելով բոլոր իմ դպրոցական պարագաները գետնին: Մեջը դրեցի որոշ հագուստ, երկու սենդվիչներն, որոնք մայրիկն էր բերել, մի շիշ ջուր, իմ համակարգիչն և ականջակալները: 

Մոտեցա պահարանին և այդտեղից վերցրեցի գումարս: Այսքան տարիների ընթացքում քիչ չէի հավաքել: Գնացի դեպի պատուհանն և դուրս գալուց առաջ հայցքս գցեցի սենյակիս: Ցանկացա տպել տեսարանը մտքումս, որովհետև շատ հնարավոր է, որ այլևս այն չեմ տեսնի: 

Այս սենյակում եմ մեծացել, անցկացրել իմ ժամանակի մեծ մասը և ի վերջո, ստեղծագործել: Սենյակի պատերը լցված էին իմ աշխատանքներով: Շատերի համար դրանք ուղղակի աբստրակտ նկարներ էին, բայց իմ համար նրանք մեծ նշանակություն ունեին: Դա իմ զգացմունքներն էին: Ես մեծ տխրությամբ էի թողնում նրանք այդտեղ, բայց ստիպված էի: 

Հոգոց հանելով, մեկ անգամ էլ նայեցի իմ աշխատանքներին: Արդեն հոգնել եմ ներկայանալ մրցույթներին ուրիշի անունից, այն վախով, որ իմ աշխատանքը չեն ընդունի… 

Մրցույթներին մասնակցելու իմ պառճառը երբեք չի եղել հայտնիությունը կամ գումարը: Ես ցանկանում եմ, որ մարդիկ տեսնեն իմ աշխատանքը և հասկանան, թե ինչ եմ զգում: Ինչքան էլ ցանկանամ, որ իմանան, որ ես եմ այդ նկարների հեղինակը, կասկածում եմ, որ մեջս խիզախություն կգտնեմ բացահայտելու իրական ինքնությունս: 

Առաջին անգամ չէ, որ ծնողներիցս թաքուն տնից դուրս էի գալիս: Բայց այս անգամը տարբերվում էր նրանով, որ վերադառնալու մտադրություն չունեի: Պատուհանից թռա կողքի ծառին և զգուշորեն իջա ցած: Երբ ոտքերիս տակ զգացի պինդ գետինը, նայեցի շուրջս, փնտրելով որևէ մեկի, ով կարող է ինձ նկատել: Չտեսնելով ոչ ոքի, գնացի տան ետևը և սկսեցի վազել:

Չգիտեի ուր էի գնալու: Բայց հույս ունեի, որ կգտնեմ մի տեղ, որտեղ ինձ կնդունեն: Որտեղ մարդիկ ինձ չեն ծաղրի իմ տարբեր լինելու պատճառով: Որտեղ ինձ կնդունեն ինչպիսին ես կամ: Որտեղ ես ինձ կզգամ ինչպես տանը…

Հեղինակ՝ Նազելի Տեր-Պետրոսյան

Leave a comment