Ավարտական ճամփորդություն դեպի Ստեփանավան

Հունիսի 4-ին, “Ցտեսություն-Ցնծություն” տոնախմբությունից հետո, նստեցինք ավտոբուսները և ուղևորվեցինք դեպի Ստեփանավան։ Այս ճամփորդությանը շատ էի սպասում, սա մեր դպրոցի իմ ամենասիրելի ավանդույթներից մեկն է։ Նաև, զարմանալիորեն, սա առաջին ճամփորդությունն էր, որը գնալու էի ընկերներիս հետ։

Մինչև ճամփորդության երկու շաբաթը շաաատ զբաղված էի, և իրականում երբ տեղ հասանք և մաքուր օդ շնչեցի, ուղղակի ուզում էի պարկեի և քնեի։) Բայց քնելուս ցանկությունը հաղթահարեցի և գնացինք տարածքն ուսումնասիրելու։

Քոթեջների կողքը անտառ կար և մի շատ գեղեցիկ երիցուկների դաշտ։ Այդքան շատ երիցուկներ տեսած չկայի։ Ծաղկեպսակներ գործել էլ սովորեցի։ Այնքան դրանով տարվեցի, որ երևի այդ երեք օրում 5-ից ավել ծաղկեպսակ եմ գործել։

Որոշեցինք անտառն էլ ուսումնասիրել։ Ճանապարհին լքված ավտոբուս գտանք։ Դրանից հետո այնքան հեռու էինք գնացել, որ արդեն կատակ էինք անում, թե Ալենը կգնա ու երեք օր հետո ցեխն աչքերի տակ քսած կվերադառնա ՝ ֆիլմերի նման։

Առաջին օրվա գիշերը խնջույք ունեցանք և մի լավ ուրախացանք, տորթ էլ կտրեցինք։ Մինչ ուշ գիշեր մի լավ զրուցեցինք։

Հաջորդ առավոտյան նախաճաշից հետո ուղևորվեցինք Կուրթանի ձոր։ Շատ գեղեցիկ վայր էր, այնտեղ դեռ չէի եղել։ Մեր արշավը ավելի հետաքրքիր դարձրեց տաս կոպեկանոցների չափ կարկուտը։ Այդպիսի կարկուտ կյանքումս չէի տեսել, այն էլ տակը ընկել։ Լավ է, եկեղեցին մոտ էր և կարողացանք այնտեղ պատսպարվել։

Օրվա մնացած մասն անցկացրեցինք մեր սենյակներում, տարբեր խաղեր խաղալով։ Մեր քարտով խաղերից մեկը մինչև 3 ժամ տևեց։ Արդեն այն կարգի էր, որ թիմային էին աշխատում, որ խաղը գոնե առաջ գնա։

Հաջորդ առավոտյան էլ արդեն վերադարձանք Երևան։ Բոլորս այնքան հոգնած էինք, որ ճանապարհի մեծ մասը քնեցինք։

Այս ճամփորդությունը հաստատ կհիշեմ։ Միակ վատ բանը այն էր, որ ճամփորդության ժամանակ մեր շրջանավարտներից շատերին ավելի մոտիկից իմացա, բայց արդեն ավարտում ենք։ Միևնույն է, դպրոցին ցտեսություն չեմ ասում, որովհետև հաստատ էլի կայցելեմ և միգուցե նախագծերի էլ կմասնակցեմ։

Ռոբոտիքս։ Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսին երեխաները սովորել են ինչպես կառուցել և ծրագրավորել ռոբոտներ։

Առաջին երկու շաբաթվա ընթացքում երեխաները սովորել են կառուցել ատամնանիվներով մեխանիզմներ, կրակելու մեխանիզմ, ինչպես կատարել երկու շարժում մեկ շարժիչով, ուլտրասոնիկով աշխատել և այլն։

Օգտագործելով այդ գիտելիքները նրանք կառուցել են օձ, քայլող, կրակող ռոբոտ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և գծին հետևող ռոբոտ։

Հաջորդ երկու շաբաթների ընթացքում երեխաները ծրագրավորել են իրենց կառուցած ռոբոտները։ Այս ընթացքում նրանք սովորել են գրել մի քանի շարժիչներ օգտագործող ծրագրեր, միաժամանակ աշխատող ծրագրեր, ռոբոտների միջև հաղորդակցություն, վահանակ օգտագործող ծրագրեր։

Այս ամիս նաև հյուրընկալեցինք տեխնոճամբարականներին, ում հետ ունեցանք համատեղ դաս։

Մշակութային ժառանգության պահպանումը 3D սկանավորման միջոցով

3D սկանավորման ոլորտը զարգանում է օրեցօր։ Այն օգտագործվում է ճարտարագիտությունում, բժշկությունում, դատաբժշկական փորձաքննություններում, ճարտարապետությունում, արվեստում, անշարժ գույքի վաճառքում և ուրիշ շատ ոլորտներում։

Համաճարակը ցույց տվեց 3D սկանավորման կարևորությունը և օգտակարությունը։ Օրինակ, անշարժ գույք գնելիս հերթով բոլոր վայրերը այցելելու փոխարեն 3D սկանավորման միջոցով հնարավոր է վիրտուալ նայել գույքը։ Սա ավելի անվտանգ և ժամանակ խնայող է։

3D սկանավորումը նաև օգտագործվում է մշակույթային ժառանգությունը պահպանելու համար։ 2019 թվականի ամռանը հնարավորություն ունեցա մասնակցելու հենց այդպիսի մի նախագծի, որը կազմակերպել էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Այս նախագծի ընթացքում սկանավորեցինք բաց կինոթատրոնը, Բյուրականի աստղադիտարանը, Սևանի գրողների տունը և Երիտասարդական ու Հանրապետության Հրապարակի մետրոյի կայանները։

Նախագիծը իրականացվում էր Team Perian-ի կողմից Ջեյ Պերեզի գլխավորությամբ։

Սկանավորման համար օգտագործում էինք լազերային սկաներներ, բազմաֆունկցիոնալ (multispectral) տեսախցիկներ և դրոններ։ Այս գործիքներով կարողացել ենք թվայնացնել շինությունները՝ 99%-ից ավել ճշտությամբ։

Վերևում նշված սկանավորումն արվել է Matterport բազաֆունկցիոնալ տեսախցիկով։ Նաև օգտագործել ենք FARO տեսախցիկը, որը լազերային սկաներ է։ Դրոնների միջոցով արել ենք օդային լուսանկարներ, որոնք հետո ձուլել ենք իրար, ստանալով 3D մոդել: Այդ մեթոդը կոչվում է ֆոտոգրամետրիա (photogrammetry)։

Մշակութային ժառանգությունը սկանավորելը հնարավորություն է տալիս փոխանցել այն ապագա սերունդներին, նույնիսկ եթե բնօրինակին ինչ որ բան պատահի։ Սկանը ունենալով, նաև հնարավոր է վերականգնել բնօրինակը։ Այն նաև հնարավորություն է տալիս, տեսնել ժառանգությունն առանց վայրն այցելելու։

Այս նախագիծն անցկացվել էր նաև Արցախում, որի ընթացքում սկանավորվել էր նաև Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եկեղեցին ռմբակոծվել է։ Սա ցույց տվեց սկանավորման կարևորությունը, հիմա այդ սկանի միջոցով հնարավոր կլինի վերականգնել այն։

Սկանավորումները տեսնելու համար կարող եք այցելել այս երկու հղումներով՝

Վ․ Փափազյանի դրամատիկական թատրոն, Ղազանչեցոց, Գանձասար, Դադիվանք

Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մաթոսավանք, Թումո Ստուդիաներ, Վահրամաշեն

Անգույն Գույներ

-Հերթական անգամ «Լավագույն նկարիչ» մրցույթի հաղթող է ճանաչվում Թոմ Ռոբսոնը,- գոչեց քառասունամյա տղամարդը: 

Թխահեր տղան, նստած մահճակալին, ականջակալներն ականջին, ուշադիր նայում էր նոութբուքի էկրանին`: Նրա երկար, շագանակագույն մազերը թափվում էին աչքերին, բայց միևնույն է հնարավոր էր տեսնել նրա բաց կապույտ աչքերը : 

Տղայի դեմքի արտահայտությունը չփոխվեց, բայց նա ուրախ էր: 

Իր սենյակի բաց կապույտ պատի դարակում շարված էին գավաթները, բոլորի վրա գրված՝ «Լավագույն նկարիչ` Թոմ Ռոբսոնին»: 

Տղան շարունակում էր նայել մրցանակաբաշխությունը, երբ ինչ-որ մեկը թփթփացրեց ուսին: Նա պտտվեց և տեսավ մի քառասունամյա կնոջ, ում աչքերը շատ էին նման իրենին: Ականջակալը հանեց և նայեց նրան: 

-Այդեն, ընթրիքը պատրաստ է: 

Այդենը գլխով արեց և շարունակեց նայել մրցանակաբաշխությունը: Որոշ ժամանակ անց իջավ ճաշասենյակ: Ընթրիքը լուռ անցավ, ինչպես միշտ: Նրանից հետո Այդենը վերադարձավ իր սենյակ և մնաց այնտեղ մինչև օրվա վերջ: 

*** 

Բացելով աչքերս առաջին բանը, որ տեսա իմ սենյակը լուսավորող արևի շողերն էին: Արևը: Այդ հսկայական կրակե գունդը այնքան մեծ էր, որ լուսավորում էր ամբողջ աշխարհը և դու կարող ես զգալ նրա ջերմությունը, լինելով հազարավոր կիլոմետրեր հեռու: 

Վեր կացա և սկսեցի պատրաստվել դպրոցին: Երբ ավարտեցի, իջա ներքև, նախաճաշեցի և մոտենալով դռանը կանգ առա: Երկար ժամանակ նայեցի այդ փայտի կտորին: Ձեռքս մոտեցրեցի բռնակին, բայց ուժ չունեցա բռնել այն: Այդպես անցավ մի քանի րոպե: Վճռականությամբ լցվելով, պինդ բռնեցի բռնակը և բացեցի դուռը: 

Օրը արևոտ էր: Կապիշոնս քաշեցի գլխիս և գլուխս կախ սկսեցի քայլել: Ես ցանկանում էի ուղղակի այնքան փոքրանալ, որ ոչ ոք ինձ չնկատի, և նույնիսկ չիմանա իմ գոյության մասին: Բայց, ավաղ, դա անհնար էր: 

Շատ տների կողքով անցա, բոլորն էլ նույն էին: Նույն խնամված բակը և նույն սպիտակ ներկված պատերը: Ինչպես մարդիկ չէին հոգնում այս նույնությունից: Ճանապարհիս մի ջրափոս հայտնվեց: Երևի տանտերը ոռոգման ջուրը բաց էր թողել։

Ջրափոսի եզրին կանգնած նայում էի իմ արտացոլանքին: Ես միշտ հավատացել եմ ուրիշ աշխարհների գոյությանը: Երանի լիներ մի աշխարհ, որտեղ բոլորը ինձ նման լինեին: Եվ այս ջրափոսը լիներ մի գաղտնի դուռ, որն ինձ այնտեղ կտաներ: Ոտքս դրեցի ջրի մեջ, բայց ոչինչ չպատահեց: Ես դեռ այս աշխարհում եմ, որտեղ ոչ ոք ինձ չի հասկանում: 

Հոգոց հանելով, գլուխս կախ շարունակեցի ճանապարհս: Տեսնելով դպրոցը, պայուսակիցս հանեցի ականջակալներս և դրեցի ականջներիս: Ես ուղղակի ցանկանում էի անջատել արտաքին աշխարհը: 

Երբ մտա դպրոցը, զգացի բոլորի հայացքը ինձ վրա: Բոլորը դադարացրել էին իրենց խոսակցություններն ինձ նայելու համար: Մի քանի վայրկյան լռությունից հետո սկսեց ծիծաղը: Ես չէի կարող լսել այն, բայց տեսնում էի ամեն ինչ: 

Տեսնում էի բոլորի մատները, որոնք իմ կողմն էին ուղղված: Տեսնում էի թե ինչպես էին նրանք զվարճանում, և վստահ եմ, որ նույնիսկ իրենց հորինած մականուններով էին կանչում: 

Ես փրկվեցի, երբ զանգը հնչեց և բոլորը գնացին դասի: Մտնելով դասասենյակ, գնացի դեպի ամենաետևի նստարանը: Պայուսակս դրեցի մի կողմ և նստեցի աթոռին: 

Իմ կյանքը շատ է փոխվել այն ժամանակվանից, երբ ինձ մոտ հայտնաբերվեց աուտիզմի սպեկտրալ խանգարում… 

Նույնիսկ փոքր հասակում ես չէի սիրում շփվել մյուս երեխանների հետ: Երբ գնում էին խաղահրապարակ, ուղղակի նստում էի մի անկյունում և ավազով խաղում: Կամ ավելի մեծ տարիքում, երբ մյուսները բակում խաղում էին, ես ինձ համար մի ծառի տակ նստած նկարում էի: 

Տասնմեկ տարեկանում իմ ծնողները հասկացան, որ իմ չշփվելու պատճառը ուղղակի ամաչկոտ և փակ լինելը չէր: Նրանք ինձ տարան հոգեբանի մոտ և որոշ ժամանակ ինձ հետևում էին շատ մասնագետներ, ցանկանալով պարզել, թե արդյոք նրանց կասկածները ճիշտ են: 

Եվ այդպիսով մի օր ծնողներիս զանգեց իմ հոգեբանը և հայտնեց իմ ախտորոշման մասին: 

Երբ իմացա, շատ վրդովվեցի: Ես չէի ցանկանում տարբերվել մյուսներից, ուղղակի ցանկանում էի լինել ինչպես բոլորը: Այսքան ժամանակ չէի հասկանում, թե ինչու չեմ կարողանում շփվել մյուսների հետ, նոր ընկերներ ձեռք բերել: Իսկ հիմա ամեն ինչ պարզ էր: 

Որոշեցի լինել ինչպես բոլորը, չէի ցանակնում թողնել այդ հիվանդությանը կագնել իմ ճանապարհին: Չնայած իմ տանջաքներին, հաղորդակցվելը ինձ մոտ շատ դժվար էր ստացվում: Չէի կարողանում նայել զրուցակցի աչքերին: Սոցիալական հաղորդակցությունը, որը բոլորի մոտ բնականորեն էր գալիս, ինձ համար պահաջում էր շատ տանջանք և պլանավորում: Ամեն անգամ ինչ որ մեկի հետ խոսելիս, նրանք փորձում էին ինչքան հնարավոր է շուտ վերջացնել խոսակցությունը և հեռանալ ինձնից: Իմ մոտ արդեն այն տպավորությունն էր, որ նրանք ինձնից վախենում էին: 

Ժամանակին մի ընկեր ունեի: Նա ի տարբերություն ինձ, շատ աշխույժ, ընկերասեր և ժպտերես էր: Լինում էին ժամանակներ, երբ մտածում էի, թե ինչպես ենք մենք ընկերներ: Լցվելով վճռականությամբ որոշեցի պատմել նրան իմ գաղտնիքը: Եվ այդպիսով, մի օր, երբ մենք նստած էին իմ սենյակում, ամեն ինչ պատմեցի նրան: 

Սկզբից լուռ էր, բայց հետո ժպտաց: Հասկացա, որ ամեն ինչ լավ է: Հաջորդ օրը, երբ գնացի դպրոց, նա չվազեց ինձ բարևելու: Սկզբից մտածեցի, որ ուղղակի չի նկատել, կամ իր մյուս ընկերների հետ է խոսում: Բայց հաջորդ պահին, երբ բոլորը ինձ տեսնելով սկսեցին ծիծաղել, իմ մեջ վախ առաջացավ: Բոլորը վիրավորական անուններ էին գոչում և մատով ինձ ցույց տալիս: Եվ երբ պտտվեցի, սիրտս կտոր կտոր եղավ: Այն մարդը ում ես իմ ընկերն էի համարում նույնպես ծիծաղում էր: 

Այդ օրվանից իմ կյանքում չի եղել մի օր, երբ ինձ չեն ծաղրել: Շատ ժամանակ էլ, որոշները չէին սահմանափակվում ուղղակի ծաղրելով: Կյանքը անարդար էր…

Մտածմունքների մեջ ընկնելով չնկատեցի, թե ինչպես հանեցի իմ նոթատետրը և մատիտը: Հիմա իմ դիմաց թղթի վրա երկնքում թռչող մի ուղղաթիռ էր: Միշտ հրապուրված եմ եղել թռչող սարքերով: Թեև իմանալով նրանց թռիչքի գաղտնիքը, նրանք միևնույն է հիացնում էին ինձ: Այդ մետաղե սարքերը, կարողանում են թռչել փոքրիկ ճնճղուկների թեթևությամբ: 

-Այդե՛ն: 

Գլուխս բարձրացրեցի և նայեցի ուսուցչուհուս շագանակագույն աչքերին, որոնք լցված էին կարեկցանքով: Գլուխս ետ կախեցի, չկարողանալով նայել: Նույնիսկ ուսուցիչները գիտեն իմ մասին: Շատերը ուղղակի դադարեցին խոսել ինձ հետ, մտածելով թե ոչինչ չեմ հասկանում: 

Միսսիս Լինսքոթը այն քիչ մարդկանցից է, ով դեռ խոսում է ինձ հետ: Բայց նա միշտ նայում է ինձ խղճահարությամբ: Եվ ես չունե՛մ ոչ մեկի խղճահարության կարիքը:

-Արդեն տաս րոպե է կանչում եմ, բայց չես պատասխանում,- ասաց նա: Ես ինձ մեղավոր էի զգում: 

-Ներողություն,-ասեցի ցածր ձայնով: 

-Դասը արդեն ինչ տաս րոպե է ավարտվել է, պետք է գնաս,- ասաց Միսսիս Լինսքոթը փափուկ ձայնով:

Նայեցի շուրջս և նկատեցի, որ դասարանը դատարկ է: Պայուսակս վերցնելով, վեր կացա և լքեցի դասարանը: Հաջորդ դասը մաթեմատիկա էր և ես արդեն տասը րոպե ուշացել էի: 

Երբ մտա դասարան բոլորի հայացքը ուղղվեց ինձ վրա: 

-Ինչո՞ւ ես ուշանում Միլլեր,- հարցրեց միստր Ստոկֆորդը թքելով բառերը:

Ամենախիստ ուսուցիչներից էր: Այդ տղամարդը անպայման մի ձև կգտներ քո կյանքը դաժան դարձնելու:  Բայց հենց ինձ մի ուրիշ ձև էր ատում: Իմ տարբեր լինելու պատճառով ամեն ինչ կաներ, որպեսզի ինձ դասարանի դիմաց ծաղրի առարկա դարձներ: Բայց, իհարկե, նա դրա համար նույնիսկ շատ տանջվելու կարիք չուներ: 

-Ե-ես ուղղակի ժ-ժամանակի հաշիվն է-էի կորցրել,- պատասխանեցի բառերը մի ձև դուրս հանելով: 

Միստր Ստոկֆորդը սկսեց ծիծաղել: 

-Հա՛հ: Ուրիշ ի՞նչ պետք էի սպասեի: Նույնիկս չգիտեմ թե քեզ պես հիվանդներին ինչու են թողնում լինել հասարակության մեջ: 

Ես գլուխս կախ նայում էի գետնին: Ախր ինչո՞ւ: Ինչո՞ւ էր նա ինձ ծաղրում ամբողջ դասարանի դիմաց: Սա անարդար էր: 

Միստր Ստոկֆորդը, ավարտելով ծիծաղելը, գոչեց: 

-Գնա՛ նստիր: 

Ինձ դասերից հետո էլ չթողեց։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև չէր էլ ցանակնում նույնիսկ մեկ ավել րոպե անցկացնել իմ նմանի հետ:

Գետնին նայելով ուղղվեցի դեպի ամենավերջին նստարանը: Մոտենում էի վերջին շարքին, երբ ոտքս դիպավ ինչ որ բանի և դեմքի վար ծեփվեցի գետնին: Գլուխս բարձացրեցի և տեսա բոլոր դասարանը իմ վրա ծիծաղելիս: 

-Լռությո՛ւն: Ձեզ ոչ ոք չի թույլատրել ծիծաղել,-գոչեց միստր Ստանկֆորդը: Նրա շրթունքները կորացել էին և նրա աչքերը փայլում էին: Նա վայելում էր պահը:

Իմ զգացմունքները ուրիշների պես չեմ արտահայտում: Իմ համար արցունքները, տխրության նշան չեն, կամ ժպիտը` ուրախության: Ես սովորել եմ այդ նշանները մյուսներին հասկանալու համար և երբեմն դրա պատճառով ինձ ռոբոտ եմ զգում: 

Պայուսակս լուռ վերցրեցի և նստեցի աթոռին: Արագորեն հանեցի նոթատետրս և մատիտը, ու սկսեցի նկարել: Սա էր իմ զգացմունքներն արտահայտելու ձևը: 

*** 

Երկար դասամիջոցը շուտ եկավ: Բոլորը գնացին դպրոցի ճաշարան, բայց ես ուղղվեցի դեպի բակ: Չէի կարողանում դիմանալ այդ աղմուկին, և նրանց ծամելու ձայներն ահավոր էին:

Հենվեցի մի ծառի և սկսեցի նկարել, միաժամանակ ուտելով իմ սենդվիչը: Չգիտեմ ինչքան ժամանակ նստեցի այդտեղ, բայց տեսնելով դպրոցից դուրս եկող աշակերտներին, հասկացա, որ դասերն ավարտվել էին: 

Վերցրեցի պայուսակս և ճանապարհվեցի դեպի տուն: Արդեն դուրս էի գալիս դպրոցի տարածքից, երբ մի ամրակազմ ձեռք կանգնեցրեց ինձ:

-Այդ ո՞ւր ես գնում, Անուղեղ,- հարցրեց Ստիվը: Նա այն տղաների շարքից էին, ովքեր ուղղակի վայելում էին ինձ ծաղրելը: 

Սկսեցի մտածել թե ինչ պատասխանեմ: Քանի գիշերներ եմ անցկացրել մտածելով պատասխաններ աշխարհում գոյություն ունեցող ամեն մի տեսակի հարցերի համար և հիմա, երբ պահը եկավ, ուղղակի չեմ կարողանում խոսել: Իմ մտորումներից ինձ հանեց Ստիվի ձայնը: 

-Լավ, դե եթե չես ուզում խոսել… 

Երկու ձեռք բռնեցին ինձ և սկսեցին քաշել: Սկսեցի խուճապի մատնվել: Ստիվը և նրա ընկերները ինձ տարան դպրոցի ետևը և համոզվելով, որ մոտակայքում ուսուցիչ չկա սկսեցին խփել: 

Առաջին հարվածը ինձ շպրտեց գետնին, նրան հետևեցին մյուսները: Ուղղակի կծկվել էի և պահել գլուխս, փորձելով դիմանալ հարվածներին: Լսում էի նրանց ծիծաղը: Սա անարդար էր: Ինչո՞ւ ես պետք է տանջվեմ իմ տարբեր լինելու պատճառով: Ինչո`ւ:

Այդ պահին, իմ մեջ մի բան զգացի և դա անարդարության զգացում չէր, դա զայրույթ էր: Կատաղություն: Բացեցի աչքերս և կատաղորեն ետ հրեցի Ջոնին: Տղայի աչքերը լայնացան: Նույնիկս չցանկացա ուշադրություն դարձնել նրան և պտտվեցի հարվածելով իմ հետևի կանգնածին: Արդեն չէի հասկանում ինչ էի անում: Ինձ կատաղությունն էր տիրել: Եվ մի պահ կանգ առա, շնչառությունս ետ բերելու: Նայելով շուրջս, տեսա երկու տղաներին էլ գետնին: Ստիվը իր քիթն էր բռնել, իսկ Ջոնը՝ փորը: Աչքերը լայն բացած ինձ էին նայում: Աչքերի մեջ վախ կա: Ինձանից էին վախենում: 

Ապշածությունից ետ քայլ արեցի: Ես գիտեմ, որ իմ նմանները կարող են հանկարծակի կատաղել, բայց երբեք չէի մտածում, որ նրանցից մեկը կլինեմ: 

-Այդե`ն: Արի իմ գրասենյակ: Հե՝նց հիմա: 

*** 

-Ինչո՞ւ ես կռիվ սկսել,- հարցրեց տնօրենը քայլելով իր սենյակում: Նա չէր հասկանում, թե ինչու էին այդ երեխային դպրոց բերել: Այդ տղան վտանգավոր էր հասարակության համար: 

Այդենը նստաց աթոռին, գլուխը կախ նայում էր ձեռքերին: Տնօրենը, չլսելով պատասխանը, գոռաց. 

-ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԿՌԻՎ ՍԿՍԵԼ:

Տղան միևնույն է չէր հասկանում, թե ինչ է նշանակում, երբ ձայնը բարձրացնում են, բայց տնօրենը դա չգիտեր: Նա կատաղեց, որ տղան իրեն չի պատասխանում: Շատերը հիմա արդեն խնդրելուց կլինեին, որ իրենց ծնողներին չզանգեն, իսկ այդ տղան ուղղակի աթոռին նստած նայում էր գետնին, վախի նշույլ անգամ ցույց չտալով: 

-Նայիր աչքերիս, երբ քեզ հետ եմ խոսում: 

Ոչինչ: Տղան շարունակում էր անշարժ նստել: 

-Եթե հենց հիմա չպատասխանես, դպրոցից դուրս կհանեմ,- սպառնաց տնօրենը, հուսալով, որ գոնե սա տղային կվախեցնի: Բայց Այդենը շարունակում էր լուռ նստել: 

Սա վերջին կաթիլն էր: 

-Դո`ւրս արիր այստեղից: Դու հեռացվա՛ծ ես դպրոցից: 

Տղան հանգիստ վեր կացավ և լքեց սենյակը: Տնօրենը երկար ժամանակ նայեց դռանը: Իր այս քսան տարվա դպրոցում աշխատելու ընթացքում սա առաջին աշակերտն էր, ով չէր վախենում դպրոցից հեռացվելուց և դա վախեցնում էր իրեն:

*** 

Հասնելով տուն, դուռը լուռ բացեցի և ներս մտա: Պայուսակս դրեցի գետնին և ցանկանում էին բարձրանալ իմ սենյակ, երբ լսեցի ծնողներից խոսակցությունը խոհանոցում: 

-Հենց նոր դպրոցից զանգեցին,- ասաց մայրս: 

-Ի՞նչ է պատահել,-հարցրեց հայրս հայացքը բարձրացնելով իր սուրճի բաժակից: 

-Այդենը կռիվ է սկսել,- ասաց մայրս տխրությունը իր ձայնում: Հայրս արագորեն դրեց իր բաժակը սեղանին և վեր կենալով աթոռից մոտեցավ մորս:

-Վստա՞հ ես,-հարցրեց նա: Մայրս գլխով արեց:

-Սա լավ չէ: Մեզ զգուշացրել են, որ նրա մոտ կարող է կատղություն նկատվել, բայց ես չէի սպասում, որ Այդենը այսպիսի բան կանի, -շարունակեց հայրս։

-Միգուցե, նա պետք է մնա տանը և առանց մեզնից որևէ մեկի ուղեկցելու դուրս չգա,- առաջարկեց մայրս: 

-Ինձ թվում է ճիշտ ես,- պատասխանեց հայրս: 

Տեղումս սառած լսում էի խոսակցությունը: Նույնիսկ չցանկանալով լսել շարունակությունը, վերցրեցի պայուսակս և զգուշորեն բարձրացա իմ սենյակ չցանկանալով ծնողներիս իմաց տալ իմ տանը լինելու մասին: 

Սա արդեն վերջին կաթիլն էր: Ինձ ծաղրում են դպրոցում: Ես չունեմ ընկերներ: Ծնողներս հազվադեպ են ինձ հետ խոսում: Եվ հիմա էլ ուզում են ինձ զրկել իմ ազատությունից, փակելով ինձ տանը: 

Գնացի իմ սենյակ և նստեցի անկյունում թաքցնելով գլուխս ձեռքերի մեջ: Չգիտեմ ինչքան ժամանակ այդպես նստեցի, բայց մայրս եկավ, սեղանիս երկու սենդվիչ դրեց և դուրս եկավ առանց մի բառ ասելու:

Շարունակեցի այդպես նստած մնալ և դուրսը մթնեց: Ես այլևս չէի կարող այստեղ մնալ: Վերցրեցի պայուսակս և թափ տվեցի այն, թափելով բոլոր իմ դպրոցական պարագաները գետնին: Մեջը դրեցի որոշ հագուստ, երկու սենդվիչներն, որոնք մայրիկն էր բերել, մի շիշ ջուր, իմ համակարգիչն և ականջակալները: 

Մոտեցա պահարանին և այդտեղից վերցրեցի գումարս: Այսքան տարիների ընթացքում քիչ չէի հավաքել: Գնացի դեպի պատուհանն և դուրս գալուց առաջ հայցքս գցեցի սենյակիս: Ցանկացա տպել տեսարանը մտքումս, որովհետև շատ հնարավոր է, որ այլևս այն չեմ տեսնի: 

Այս սենյակում եմ մեծացել, անցկացրել իմ ժամանակի մեծ մասը և ի վերջո, ստեղծագործել: Սենյակի պատերը լցված էին իմ աշխատանքներով: Շատերի համար դրանք ուղղակի աբստրակտ նկարներ էին, բայց իմ համար նրանք մեծ նշանակություն ունեին: Դա իմ զգացմունքներն էին: Ես մեծ տխրությամբ էի թողնում նրանք այդտեղ, բայց ստիպված էի: 

Հոգոց հանելով, մեկ անգամ էլ նայեցի իմ աշխատանքներին: Արդեն հոգնել եմ ներկայանալ մրցույթներին ուրիշի անունից, այն վախով, որ իմ աշխատանքը չեն ընդունի… 

Մրցույթներին մասնակցելու իմ պառճառը երբեք չի եղել հայտնիությունը կամ գումարը: Ես ցանկանում եմ, որ մարդիկ տեսնեն իմ աշխատանքը և հասկանան, թե ինչ եմ զգում: Ինչքան էլ ցանկանամ, որ իմանան, որ ես եմ այդ նկարների հեղինակը, կասկածում եմ, որ մեջս խիզախություն կգտնեմ բացահայտելու իրական ինքնությունս: 

Առաջին անգամ չէ, որ ծնողներիցս թաքուն տնից դուրս էի գալիս: Բայց այս անգամը տարբերվում էր նրանով, որ վերադառնալու մտադրություն չունեի: Պատուհանից թռա կողքի ծառին և զգուշորեն իջա ցած: Երբ ոտքերիս տակ զգացի պինդ գետինը, նայեցի շուրջս, փնտրելով որևէ մեկի, ով կարող է ինձ նկատել: Չտեսնելով ոչ ոքի, գնացի տան ետևը և սկսեցի վազել:

Չգիտեի ուր էի գնալու: Բայց հույս ունեի, որ կգտնեմ մի տեղ, որտեղ ինձ կնդունեն: Որտեղ մարդիկ ինձ չեն ծաղրի իմ տարբեր լինելու պատճառով: Որտեղ ինձ կնդունեն ինչպիսին ես կամ: Որտեղ ես ինձ կզգամ ինչպես տանը…

Հեղինակ՝ Նազելի Տեր-Պետրոսյան

Անիծված երգ, որը ինքնասպանության է դրդում (Gloomy Sunday)

Gloomy Sunday-ը (Մռայլ Կիրակի) երգ է, որը գրել է հունգարացի դաշնակահար և կոմպոզիտոր Ռեզսո Սերեսը 1933 թվականին։ Երգի օրիգինալ խոսքերը պոետ Լասզլո Խավորի ստեղծագործության փոփոխված տարբերակն է, ով իր տարբերակում ներկայացնում է իր սիրո մահից հետո ինքնասպանության մասին մտածող մարդու կերպար։ Առաջին ձայնագրված տարբերակը կատարել է հունգարացի երգիչ Պալ Կալմարը 1935 թ-ին։

Gloomy Sunday-ը երաժշտության պատմության ամենանշանալից երգերից մեկն է՝ շատ ինքնասպանությունների հետ կապված լինելու պատճառով։ Լեգենդն ասում է, որ երգի աղբյուրն է Սերեսի և իր ընկերուհու ողբերգական բաժանումը, չնայած շատերն ասում են, որ այն ոգեշնչված է Լասզլո Խավորի ինքնասպան ընկերուհուց։

Ասվում է, որ տեղի է ունեցել 17 ինքնասպանություն, ինչից  հետո Հունգարիայում արգելվեց երգի վերարտադրությունը։ Ինքնասպանությունների հետ կապը այն է, որ ոմանք  ինքնասպան են եղել՝ երգը լսելուց։ Ուրիշներն էլ մեջբերել են  երգն իրենց ինքնասպանության նամակներում։ Ոմանք  էլ իրենց ձեռքերում ունեցել են  թղթեր, որտեղ երգի խոսքերն էին գրված։

Ռեզսո Սերեսի երաժշտության ազդեցության ամենաճանաչված պատմություններից մեկը մի զույգի մասին է, որ  զվարճանում էր մի վայրում, որտեղ կենդանի երաժշտություն էր հնչում։ Զույգը խնդրեց խմբին նվագել Gloomy Sunday-ը , և խումբը կատարեց նրանց խնդրանքը։ Ասում են, որ երգի ավարտին զույգը անդամները  հանեցին  ատրճանակները և սպանեցին միմյանց։

Gloomy Sunday-ի անեծքը սկսվեց  տարածվել  աշխարհով մեկ։ 1936 թվականի մարտին  “Time” ամսագիրը ուսումնասիրեց Հունգարիայում տեղի ունեցած ինքնասպանությունների շարքը։ Պարզվեց , որ ոմանք ինքնասպան էին եղել, նետվելով Դանուբ գետ՝ ինչ-որ տարօրինակ երգ լսելիս։ Նաև տարածվել էին նորություններ, որ ուրիշ երկրներում  նույնպես մարդիկ ինքնասպան էին եղել՝  անիծյալ երաժշտությունը  լսելիս:

Երգը հայտնի է՝ որպես «Ինքնասպանության երգ»։ 1936-ին այն եկավ ԱՄՆ և գրանցեց ինքնասպանությունների նոր շղթա։ Հետևաբար, այդ երկրում նույնպես արգելվեց վերարտադրությունը։

1968 թվականի հունվարի 13-ին Ռեզսո Սերեսը ինքնասպանություն գործեց հիվանդանոցում՝ Բուդապեշտում՝  իր բնակարանի պատուհանից նետվելուց և  հոսպիտալազացվելուց հետո։ Ըստ  The New York Times ամսագրի ՝  Gloomy Sunday-ը նրան դեպրեսիայի մեջ էր գցել ,և նա չէր կարողացել  նոր երգ գրել։ Նրա մահը նպաստեց ստեղծագործության շուրջ անեծքի լեգենդի տարածմանը։

Հետազոտողները հայտնել են, որ այս երաժշտության ազդեցությունը գալիս է  «Վերթերի էֆեկտ » հասկացությունից։ Տերմին, որը օգտագործվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպում։ Վեպի մեջ նկարագրվում է հերոսի սիրո տառապանքը, որը տանում է ինքնասպանության։ Այս էֆեկտը ցույց է տալիս, որ ինքնասպանությունները կարող են շատանալ՝ լայնորեն գովազդվող իրական կամ շինծու ինքնասպանության պատճառով։

Իսպաներենից թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Արգելքներ: Հովհաննես Թումանյան

“Այդ գաղափարի և իրական կյանքի անհաշտությունն է, ծրագիրների և նրանց գործադրության տարբերությունն է, որ մենք ամեն օր տեսնում ենք մեր կյանքում։”

Կարդացի Թումանյանի “Արգելքներ” հոդվածը: Դուրս շատ եկավ: Հոդվածում Թումանյանը ասում էր, թե ինչպես են մարդիկ բացատրում վարչական անկարգության վնասակարությունը, բայց միևնույն է հարատևում է այդ անկարգությունը: Ինչպես են տգետ քահանաների դեմ խոսում, բայց նրանք ավելի են շատանում: Թումանյանը այս օրինակներով ցանկանում է ցույց տալ գաղափարների և այդ գաղափարները իրականացնելու միջև տարբերությունը:

Նա ասում է, որ այն մարդիկ, ովքեր գաղափարներ են քարոզում և ծրագրեր մշակում, չունեն կարողությունը կամ իրավունքը դրանք իրականացնելու: Իսկ նրանք, ովքեր ունեն կարողությունը այդ գաղափարները չեն հասկանում:

Գաղափարների և դրանց իրականացման մեջ տարբերությունը շատ կարևոր է հասկանալ: Շատերը նույնիսկ չեն տեսնում այդ տարբերությունը: Բայց այն կա և կարող է շատ բան փոխել:

Կա այս կարծրատիպը, որ խելացի մարդիկ միշտ հաջողության են հասնում, բայց դա ճիշտ չէ: Դա հենց գաղափարների և դրանց իրականացման տարբերության պատճառով է: Խելացի մարդիկ հնարավոր է շատ լավ գաղափարներ ունենան, բայց ոչ բոլորն են դրանք իրականացնում: Դու կարող է խելացի կամ “տաղանդավոր” չլինես, բայց նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ և ամենակարևորը չհանձնվելով կարող ես շատ բաների հասնել:

ՏՏ տերմինների բառարան

Մեքենայական ուսուցում (Machine Learning) – Մեքենայական ուսուցումը փորձի շնորհիվ ավտոմատ բարելավվող համակարգչային ալգորիթմների ուսումնասիրումն է։ Այն արհեստական բանականության ենթաբաժին է։

Տվյալների բազա (Database) – Համակարգչային ծրագրի համար հատուկ դասավորված ինֆորմացիայի հավաքածու։

Բլոկչեյն (Blockchain) – Բլոկեր կոչվող, աճող ինֆորմացիայի ցանկ, որոնք իրար հետ կապված են գաղտնագրության միջոցով։ Ամեն մի բլոկը իր մեջ պահում է նախորդ բլոկի գաղտնագրված ժամանականիշը և գործարքների ինֆորմացիան։ Բլոկչեյնում գտնվող ինֆորմացիան հնարավոր չէ փոփոխել։

Սերվեր (Server) – Համակարգիչ, որը պատասխանատու է հաճախորդ ծրագրի (օրինակ՝ վեբ բրաուզեր) հարցմանը պատասխանելուն։

Դոմայն (Domain) – Ինտերնետ հասցեի մի մաս։ Դոմայնի օրինակներ են .com, .am, .ru, .org և այլն։

Քեշ (Cache) – Ֆայլեր քո կոշտ սկավառակի վրա, որոնք օգնում են ձեր բրաուզերին ավելի արագ ցուցադրել արդեն այցելված կայքերը։ Այն ցուցադրում է ձեր սկավառակում գտնվող ֆայլերը, համացանցով բացելու փոխարեն։

Քուքի (Cookie) – Փոքր ինֆորմացիա, որը կայքեր բացելիս հնարավոր է ձեզ խնդրեն ընդունել։ Այն օգտագործվում է կայքում գտնվելու ընթացքում, քեզ իդենտիֆիկացնելու համար։ Քուքին յուրահատուկ է և միայն ուղարկվում է նրան գեներացված սերվերին։

Ամպ (Cloud) – Ամպ ասում են այն ծրագրերին և ծառայություններին, որոնք աշխատում են օնլայն։ Apple iCloud, Netflix, Google Drive, Microsoft Office 365, այս բոլորը ամպային ծառայություններ են։

Ծրագրի ծրագրավորման ինտերֆեյս (API) –  Ծրագրի ծրագրավորման ինտերֆեյսը սահմանում է կապը միջանկյալ ծրագրերի միջև։ Այն սահմանում է, թե ինչպիսի կանչեր կարելի է անել, ինչպես անել, ինչպիսի ինֆորմացիայի տիպեր են թույլատրվում և ինչպիսի օրենքների պետք է հետևել։

IP հասցե (IP Address) – IP հասցեն թվային հասցե է, որը համապատասխանում է քո համակարգիչին համացանցում։ Եթե մի համակարգիչ ցանկանում է միանալ մյուսին, այն միանում է այդ համակարգչի IP հասցեին։

Էթերնետ (Ethernet) – Էթերներտը լարով համացանցին միանալու տեխնոլոգիան է։ Եթե ձեր համակարգիչը համացանցին միանում է լարով, ուրմեն շատ հավանական է, որ այն օգտագործում է էթերնետ։

Ինքնակոչ փրկիչներ: Վահան Տերյան

Կարդացի Տերյանի “Ինքնակոչ փրկիչներ” հոդվածը: Հոդվածում գրվածների մեծ մասը դեռ արդի է 106 տարի անց։

«Ի՞նչ կարող էր անել այսպիսի պարագաներում մի ազգ, որի միակ ազգային կազմակերպությունը եկեղեցին է, մի ազգ, որի քաղաքական հասունությունը ավելի քան կասկածելի է, մի ազգ, որ իր տառապանքն է միայն վահան դարձրել իր համար, վերջապես մի ազգ, որ հոգեկան սնանկության դուռն է հասել, որի կուլտուրական տարրերը կատարելապես ապազգայնացել են: Անշուշտ այդպիսի մի ազգ չպիտի դիմանար զալիք դեպքերի նույնիսկ առաջին հարվածներին, եթե չստեղծեր մի կուռ կազմակերպություն և ի մի ձուլվեր այդ կազմակերպության մեջ:»

“Ինքնակոչ փրկիչներ”-ում Տերյանը ասում էր, որ ռուս-թուրքական պատերազմի օրերին գիտակից հայերը հասկացան, որ ժողովուրդը պետք է միասին լինի այդ ահեղ ժամանակներում ներգործական դեր կատարելու համար։ Պատերազմի սկզբում մամուլը միասնության կոչ էր արել, սակայն բոլորը ընդունելով այդ կոչը հին եղանակով էին շարունակում գործել և այդ պատճառով միասնությունը տեղի չունեցավ։

Կային մարդիկ, ովքեր պնդում էին, որ կամենում են տեսնել այդ միասնությունը, բայց ասում էին, որ դա անհնարին է։ Նրանք էլ, ովքեր ազգասեր էին ձևանում, ընտրում էին բարձրաստիճան պաշտոնյաներից օգնություն խնդրելու ճանապարհը։

Տերյանի հոդվածում նկարգրված վիճակը շատ նման է մեր հիմիկվա իրավիճակին, բայց կա մի մեծ տարբերություն։ Մեր դեպքում ժողվուրդը միասնացել էր և իր ամբողջ ուժերով փորձում էր օգնել։ Բայց այս դեպքում էլ այդ միասնությունը սխալ օգտագործվեց կամ ընդհանրապես չօգտագործվեց, իր հետևից թողնելով հուսախաբ ժողովուրդ։

Իմ կարծիքով Տերյանը այդ հոդվածը կոչել է “Ինքնակոչ փրկիչներ”, որովհետև հենց մենք պետք է լինենք մեր փրկությունը։ Պետք չէ հույսը դնել բարձրաստիճան պաշտոնյաների, կամ ցանկացած ուրիշի վրա։ Մենք հենց ինքներս ենք խնդիրներ ստեղծում մեր համար և ինքներս էլ պետք է լինենք փրկիչները։

«Այդ մարդիկ կռվի դաշտ ուղարկեցին ազնվագույն ուժեր, բայց մի՞թե այդ ազնվագույնների առաքինությունը պիտի լվա նրանց քաղաքական վատոգի, վախլիկ և ազգակործան գործունեության արատները: Բնավ:»

Ես եմ՝ Սեբաստացի

Ես եմ՝ Նազելի Տեր-Պետրոսյանը։ Կյանքիս մեծ մասը եղել եմ սեբաստացի և ավարտելուց հետո էլ միևնույն է կմնամ սեբաստացի։

Իմ սեբաստացիական ուղին սկսել է Դպրոց-Պարտեզում և պատումս էլ կսկսեմ այդտեղից։

Մուտքս կրթահամալիր եղել է հենց սեբաստացիական ձևով։ Գնացել էի իմ ապագա դասարանի հետ ծանոթանալու և մասնակցեցի ծառատունկի։ Հիմա այդ ծառը շատ է մեծացել։ Ամեն անգամ Դպրոց-Պարտեզ գնալուց նայում եմ և ինքս էլ զարմանում, թե ինչպես այսքան տարի անցավ։

Լավ հիշողություններ ունեմ այնտեղից։ Ինչպես էինք բակում գանձեր պահում, ճամբարի ժամանակ պաղպաղակ ուտում, բալ քաղում, անվաչմուշկներ քշում կամ ինչպես էին ընկերներս ընկեր Աշխենին շեղում, որ ցանցի տակով անցնեմ փշատ քաղեմ։

Վառ հիշում եմ մեր առաջին ճամփորդությունը։ Գնացել էինք Բյուրական, բայց բոլորս շատ փոքր էինք ու դժվարանում էինք անցնել ճանապարհը։ Այդ պատճառով ընկեր Լիլիթը մեզ տարավ ճանապարհին մի բլուր բարձրանալու։ Ուրախությանս սահման չկար, երբ հաղթահարեցինք մեր առաջին “բարձրունքը”:

Շատ չարաճճի դասարան էինք, բայց ընտրվել էինք ամենաընկերասերը։ Հիշում եմ, որ եկել էինք միջին դպրոց ու դեռ մեկ տարի պարտադիր բոլորով միասին էինք ճաշում։

Միջին դպրոցը կարևոր պահ էր իմ կյանքում։ Այդ տարիներին եղավ իմ համար կարևոր բաների սկիզբը։ Ամենակարևորը երևի այն էր, որ ծանոթացա ծրագրավորմանը։ Վեցերորդ դասարանում առաջին անգամ գնացի ծրագրավորման դասի և հիմա շատ ուրախ եմ, որ արեցի այդ քայլը ։

Վեցերորդ դասարանում էր նաև, որ առանց ծնողներիս ասելու գրանցվեցի մեր երաժշտական դպրոցի կիթառի դասարանում։ Հիմա արդեն վեց տարի է կիթառ եմ նվագում և կյանքս առանց դրա չեմ պատկերացնում։ Այդ տարիներին երաժշտական անկյունն իմ ամենասիրելի վայրն էր մեր դպրոցում։ Հենց դասերս ավարտվում էին, գնում էի կիթառի սենյակ, նույնիսկ եթե այդ օրը կիթառի պարապմունք չունեի։ Ուղղակի գնում էի այնտեղ դասերս անում, ձմեռներն էլ անպայման ընկեր Տաթևի հետ թեյ էինք խմում։

Այդ նույն տարի էր նաև, որ սկսեցի հաճախել Այկիդոյի։ Ինչ մայրիկիցս լսել էի Այկիդոյի մասին անհամբեր սպասում էի 10 տարեկանս լրանալուն, որպեսզի սկսեմ հաճախել։ Այկիդոն իմ կյանքում շատ բան փոխեց և դեռ շարունակում է փոխել։ Ինքնապաշտպանությունից բացի, Այկիդոն ինձ սովորեցրել է, որ անլուծելի խնդիրներ չկան։

Միջին դպրոցում էր կրկին, որ ես սովորեցի ռոբոտաշինություն։ Եվ հիմա տարիներ անց ինքս եմ դասավանդում։

Ավագ դպրոցը իմ ամենահաջողակ տարիներն էին։ Այս տարիներին ես ավելի զարգացրեցի իմ գիտելիքները և շատ նոր բաներ սովորեցի։ Մասնակցեցի բազում աշխատարանների տարբեր երկրներից մասնագետների հետ, մրցույթների և նախագծերի։ Ստացա նաև մրցանակներ։ Ձեռք բերեցի նոր ընկերներ։

Այսքան ճանապարհ անցնելուց հետո հասել եմ այստեղ։

Ես եմ՝ Նազելի Տեր-Պետրոսյանը։ Սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի 12-րդ դասարանում,ծրագարվորող եմ, կիթառահար, սովորող, սովորեցնող։ Տիրապետում եմ 4 լեզվի՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և իսպաներեն։

Իմ շատ ձեռքբերումների համար շնորհակալ եմ կրթահամալիրին։ Մինչ հիմա հավատս չի գալիս, որ շուտով գնալու եմ։ Լինում է սկսում եմ բողոքվել, թե ոնց մյուս տարի ավագ դպրոցում տեղ չի լինի այդքան շատ իններորդցիներով, բայց հետո մեկ էլ հիշում եմ, որ այստեղ էլ չեմ լինի։ Սակայն, շատ չեմ տխրում, որովհետև ինչպես նշեցի, միշտ կմնամ Սեբաստացի։

Հաշվետվություն-պատում։ Սեպտեմբեր-դեկտեմբեր

Այս կիսամյակը ինձ համար շատ լեցուն և հետաքրքիր էր։ Կորոնավիրուսի պատճառով դասերիս մեծ մասը անցկացրեցի օնլայն և ինքնուսուցմամբ։ Ճիշտ է, անցած կիսամյակ էլ էինք օնլայն դասեր անում, բայց դեռ մի քիչ անսովոր է։ Չնայած, օնլայն ուսուցումն իր դրական կողմերն էլ ունի։ Այն ինձ թույլ տվեց ավելի ազատ կառավարել ժամանակս, որն ինձ շատ օգնեց այս ամիսներին։

Կարող եմ հաստատ ասել, որ այս ամիսներին քննություններից պակաս չունեի։ Հոկտեմբերի սկզբին հանձնեցի մաթեմատիկայի SAT քննությունը, նոյեմբերի սկզբին TOEFL-ը և հիմա էլ պատրաստվում եմ ավարտական քննությունների։ Կստացվի 5 քննություն մեկ կիսամյակում, սա ինձ համար ռեկորդ է։

Այս կիսամյակ նաև շարունակել ենք անել ռոբոտիքսի դասերը, մի մասը՝ օնլայն, մյուսը՝ առկա միջավայրում։ Կորոնավիրուսը ազդեց մեր ռոբոտիքսի դասերի ընթացքի վրա, քանի որ ռոբոտիքսը օնլայն անելը համարյա անհնարին էր։ Սակայն, կարողացանք մշակել նոր ծրագիր, որը հնարավոր էր անել օնլայն և նույնչափ ուսուցողական էր։

Այս կիսամյակ, որպես հանրակրթություն սովորում էի իսպաներեն և մասնակցել եմ տարբեր նախագծերի ինչպիսիք են “Մերոնք”, որտեղ հարցազրույց վերցրեցի մեքսիկահայ աստղաֆիզիկոս Էլիզա Ռեքիյաս Փիշմիշից։ Ուրիշ նախագծեր ևս ՝ “Տուրիստական գործակալությունում սեբաստացիներն են“, “Իսպաներեն սովորելը հեշտ է” և “Հայտնիների հեքիաթային կյանքը“:

Նաև շարունակել եմ վարել “Սեբաստացի” գիտա-հանրամատչելի հանդեսը, որի համար գրել եմ տարբեր հետազոտական աշխատանքներ և տեղադրել եմ ընկերներիս աշխատանքները։

Այս ամիսներին նաև կատարել եմ կամավորական աշխատանքներ։ Ամենանշանավորը իմ կամավորությունն է “Youth Opportunities” հասարակական կազմակերպությունում, որը շարունակում եմ մինչ հիմա։ Ես կամավոր 3D մոդելավորող եմ և նախագծում ու ստեղծում եմ ուսուցողական կենտրոն։ Այս փորձառությունն ինձ համար շատ հետաքրքիր է, որովհետև ամենամեծ անձնական նախագծերից է, որ երբևէ արել եմ։

Այս կիսամյակը իմ ամենազբաղվածներից էր։ Անհամբեր սպասում եմ նոր կիսամյակին, որովհետև շատ ավելի շատ ազատ ժամանակ կունենամ և կկարողանամ զբաղվել ինքնուսուցմամբ ու մասնակցել տարբեր հետաքրքիր նախագծերի։