Մշակութային ժառանգության պահպանումը 3D սկանավորման միջոցով

3D սկանավորման ոլորտը զարգանում է օրեցօր։ Այն օգտագործվում է ճարտարագիտությունում, բժշկությունում, դատաբժշկական փորձաքննություններում, ճարտարապետությունում, արվեստում, անշարժ գույքի վաճառքում և ուրիշ շատ ոլորտներում։

Համաճարակը ցույց տվեց 3D սկանավորման կարևորությունը և օգտակարությունը։ Օրինակ, անշարժ գույք գնելիս հերթով բոլոր վայրերը այցելելու փոխարեն 3D սկանավորման միջոցով հնարավոր է վիրտուալ նայել գույքը։ Սա ավելի անվտանգ և ժամանակ խնայող է։

3D սկանավորումը նաև օգտագործվում է մշակույթային ժառանգությունը պահպանելու համար։ 2019 թվականի ամռանը հնարավորություն ունեցա մասնակցելու հենց այդպիսի մի նախագծի, որը կազմակերպել էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Այս նախագծի ընթացքում սկանավորեցինք բաց կինոթատրոնը, Բյուրականի աստղադիտարանը, Սևանի գրողների տունը և Երիտասարդական ու Հանրապետության Հրապարակի մետրոյի կայանները։

Նախագիծը իրականացվում էր Team Perian-ի կողմից Ջեյ Պերեզի գլխավորությամբ։

Սկանավորման համար օգտագործում էինք լազերային սկաներներ, բազմաֆունկցիոնալ (multispectral) տեսախցիկներ և դրոններ։ Այս գործիքներով կարողացել ենք թվայնացնել շինությունները՝ 99%-ից ավել ճշտությամբ։

Վերևում նշված սկանավորումն արվել է Matterport բազաֆունկցիոնալ տեսախցիկով։ Նաև օգտագործել ենք FARO տեսախցիկը, որը լազերային սկաներ է։ Դրոնների միջոցով արել ենք օդային լուսանկարներ, որոնք հետո ձուլել ենք իրար, ստանալով 3D մոդել: Այդ մեթոդը կոչվում է ֆոտոգրամետրիա (photogrammetry)։

Մշակութային ժառանգությունը սկանավորելը հնարավորություն է տալիս փոխանցել այն ապագա սերունդներին, նույնիսկ եթե բնօրինակին ինչ որ բան պատահի։ Սկանը ունենալով, նաև հնարավոր է վերականգնել բնօրինակը։ Այն նաև հնարավորություն է տալիս, տեսնել ժառանգությունն առանց վայրն այցելելու։

Այս նախագիծն անցկացվել էր նաև Արցախում, որի ընթացքում սկանավորվել էր նաև Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եկեղեցին ռմբակոծվել է։ Սա ցույց տվեց սկանավորման կարևորությունը, հիմա այդ սկանի միջոցով հնարավոր կլինի վերականգնել այն։

Սկանավորումները տեսնելու համար կարող եք այցելել այս երկու հղումներով՝

Վ․ Փափազյանի դրամատիկական թատրոն, Ղազանչեցոց, Գանձասար, Դադիվանք

Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մաթոսավանք, Թումո Ստուդիաներ, Վահրամաշեն

Leave a comment