Ավարտական ճամփորդություն դեպի Ստեփանավան

Հունիսի 4-ին, “Ցտեսություն-Ցնծություն” տոնախմբությունից հետո, նստեցինք ավտոբուսները և ուղևորվեցինք դեպի Ստեփանավան։ Այս ճամփորդությանը շատ էի սպասում, սա մեր դպրոցի իմ ամենասիրելի ավանդույթներից մեկն է։ Նաև, զարմանալիորեն, սա առաջին ճամփորդությունն էր, որը գնալու էի ընկերներիս հետ։

Մինչև ճամփորդության երկու շաբաթը շաաատ զբաղված էի, և իրականում երբ տեղ հասանք և մաքուր օդ շնչեցի, ուղղակի ուզում էի պարկեի և քնեի։) Բայց քնելուս ցանկությունը հաղթահարեցի և գնացինք տարածքն ուսումնասիրելու։

Քոթեջների կողքը անտառ կար և մի շատ գեղեցիկ երիցուկների դաշտ։ Այդքան շատ երիցուկներ տեսած չկայի։ Ծաղկեպսակներ գործել էլ սովորեցի։ Այնքան դրանով տարվեցի, որ երևի այդ երեք օրում 5-ից ավել ծաղկեպսակ եմ գործել։

Որոշեցինք անտառն էլ ուսումնասիրել։ Ճանապարհին լքված ավտոբուս գտանք։ Դրանից հետո այնքան հեռու էինք գնացել, որ արդեն կատակ էինք անում, թե Ալենը կգնա ու երեք օր հետո ցեխն աչքերի տակ քսած կվերադառնա ՝ ֆիլմերի նման։

Առաջին օրվա գիշերը խնջույք ունեցանք և մի լավ ուրախացանք, տորթ էլ կտրեցինք։ Մինչ ուշ գիշեր մի լավ զրուցեցինք։

Հաջորդ առավոտյան նախաճաշից հետո ուղևորվեցինք Կուրթանի ձոր։ Շատ գեղեցիկ վայր էր, այնտեղ դեռ չէի եղել։ Մեր արշավը ավելի հետաքրքիր դարձրեց տաս կոպեկանոցների չափ կարկուտը։ Այդպիսի կարկուտ կյանքումս չէի տեսել, այն էլ տակը ընկել։ Լավ է, եկեղեցին մոտ էր և կարողացանք այնտեղ պատսպարվել։

Օրվա մնացած մասն անցկացրեցինք մեր սենյակներում, տարբեր խաղեր խաղալով։ Մեր քարտով խաղերից մեկը մինչև 3 ժամ տևեց։ Արդեն այն կարգի էր, որ թիմային էին աշխատում, որ խաղը գոնե առաջ գնա։

Հաջորդ առավոտյան էլ արդեն վերադարձանք Երևան։ Բոլորս այնքան հոգնած էինք, որ ճանապարհի մեծ մասը քնեցինք։

Այս ճամփորդությունը հաստատ կհիշեմ։ Միակ վատ բանը այն էր, որ ճամփորդության ժամանակ մեր շրջանավարտներից շատերին ավելի մոտիկից իմացա, բայց արդեն ավարտում ենք։ Միևնույն է, դպրոցին ցտեսություն չեմ ասում, որովհետև հաստատ էլի կայցելեմ և միգուցե նախագծերի էլ կմասնակցեմ։

Leave a comment