Թումանյանի ճամփորդությունները

Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ եղել է կենսական ու առաջնակարգ: Ներսիսյան դպրոցից հեռացավ առանց նույնիսկ չորրորդ դասարանն ավարտելու, հետագայում էլ, չնայած իր բուռն ցանկությանը, հնարավորություն չունեցավ շարունակելու ընդհատված ուսումը: Դեռ Ներսիսյան դպրոցում նա երազել է սովորել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Իննսունական թվականների կեսերին բանաստեղծի գրական բարեկամները նրա իղձերն իրականացնելու նպատակով մշակում են բավականին հրապուրիչ մի ծրագիր: «Եթե քեզ ապահովացնենք, կերթա՞ս արտասահման ուսանելու, կհամաձայնե՞ս»,-հարցնում են նրան: «Ոչ թե կհամաձայնեմ,-պատասխանում է բանաստեղծը,- այլև ինձ շնորհապարտ կհայտնեմ ձեր առաջ, որովհետև դուք ուզում եք կատարել իմ ամենասուրբ երազը.այդ իմ էության իմ կյանքի խնդիրնէ»:Աղայանը աքսորավայրից Թումանյանին գրած մի նամակում խորհուրդ է տալիս ապահովություն ստանալու դեպքում գնալ ոչ թե Ղարաբաղ,- ուր որ ճանապարհորդելու ցանկություն էր հայտնել Թումանյանը,- այլ` Եվրոպա. «…Ապահովություն որ ստանաս, իսկույն վազիր Եվրոպա…փախի՛ր, փախի՛ր դեպի Եվրոպա: Ղարաբաղը չի փախչում… նորանոր տպավորություններով ամբարվելու համար թարմ հասակ է հարկավոր, որ այժմ ունիս, և պետք է շտապես: Չասես, թե լեզու չգիտես-գլխավորը լեզուն չէ, այլ աչքերը…»: «Եվրոպայի խնդիրը» կրկին արծարծվում է 1900թ., երբեմնի «Հնգյակի» անդամներից մեկի` Արս. Ղլտճյանի կողմից: Այդ առթիվ, նույն թվականի փետրվարի 19-ի նամակում Թումանյանը գրում է դառն հեգնությամբ լի հետևյալ տողերը. «Իսահակյանն ինձ պատմեց, թե դու  մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը: Պետք է դարձյալ շնորհակալ լինեմ, որ այս տխուր օրերում ինձ երբեմն ծիծաղեցնում եք: Ար-տա~-սա~հ-մա~ն… Ցնորքները բանաստեղծներին են վայել, վարդապետ մարդը պետք է գործնական լինի , ինչպես եղած է միշտ: Ես չեմ կարողանում այս սահմանում ապրել, դու արտասահման ես ղրկում: Կամ գուցե մոռանում ես, որ Էջմիածնի Միաբանությունից մեծ մի ընտանիք կա իմ շալակին: Ո՛չ, սիրելիս, այդ թող.այդ արդեն ուտոպիա է: Ես ավելի համեստ մի ցնորք ունեմ-գնալ մի երկու տարի մնալ Պետերբուրգ կամ Մոսկվա, բայց ամաչում եմ ասել…»: 1895թ. նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն` Բորժոմ-Ախալցխա-Ախալքալաք-Ալեքսանդրապոլ-Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով: Նրա խնդիրն է եղել հիշյալ վայրերում կազմակերպելու «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր կամ «տեղական կոմիտեներ»: Դրանք Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կազմակերպություններ էին: 
Դեպի Կարս կատարած ուղևորության ժամանակ, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում Թումանյանը առիթ է ունենում հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության, հասարակության, ժողովրդի ներկայացուցիչների հետ, որոնցից շատերն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելով բանաստեղծին արտահայտում են իրենց սերն ու հարգանքը նրա նկատմամբ: Նամակներից մեկում Թումանյանը խոսելով իր համար անակնկալ այդ վերաբերմունքի մասին, գրել է.«Ճանապարհին պատիժներից շատ պատիվներ եմ առել…Ուղիղն ասած`ես չգիտեի, թե այսքան ուշադրության արժանացած կլինեմ: Խեղճ ժողովուրդ, որ յուր աղքատությունով էլ է ուրախանում»: Ալեքսանդրապոլում Թումանյանը մի շաբաթ հյուրընկալվում է Իսահակյանի հայրենի հարկի տակ: «1895 թվի ձմեռնամուտին Օհաննեսը երևաց Ալեքսանդրապոլում,- պատմում է Իսահակյանն իր հուշերում:-Իջել էր հյուրանոց, ես տեղափոխեցի մեր տունը: Մի շաբաթ մնաց Ալեքսանդրապոլում: Գալիս էր Թիֆլիսից` Ախալցխայի  և Ախալքալաքի վրայով, գնում էր Երևան, Էջմիածին: Ինչ որ միսիայով էր շրջում նա: Հայ կյանքը ալեկոծված էր արևմտահայերի ջարդերի սարսափելի լուրերով և ջարդերին ականատես, փախած հայ գաղթականների սրտակեղեք պատմություններով: Ամեն գիտակից հայ ծանր մտահոգություններ ուներ արևմտահայերի և հայկական հարցի ճակատագրի նկատմամբ: Անշուշտ Օհաննեսի ուղևորությունը կապված պիտի լիներ այդ դրության վերաբերյալ գործերի հետ…Նա անվերջ տեսակցությունների մեջ էր քաղաքի ինտելիգենցիայի և հասարակության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվում էր գաղթականների վիճակով և տետրակներ էր լեցնում նրանց պատմածներով: Այդ օրերից մնում է ինձ մոտ մի թանկագին հիշատակ, մի թղթի կտոր` Օհաննեսի ձեռագիրը` «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, որ նոր էր գրել: Ձմեռվա ցրտերին Օհաննեսին ճանապարհ դրինք Երևան»: Ավ. Իսահակյան
1896-ին, Արսեն Ղլտճյանին գրած մի նամակում, Թումանյանը ցանկություն է հայտնում մի նոր ուղևորություն կատարելու, տեսնելու գաղթականներին: «Ես սաստիկ ցանկանում եմ ճանապարհորդություն անել դեպի Իգդիրի կողմերը, Երևանի նահանգում, և գյուղերում ու ճանապարհներին տեսնել պանդուխտներին: Թեև ձմեռը խիստ է, բայց ցանկությունս այնքան մեծ է, որ ո´չ մի ձմեռ արգելք չի կարող լինել. միայն փողի խնդիր կա: Տեսնենք ինչպես է լինում, թե չեղավ, շատ կվշտանամ»: Հավանորեն հենց «փողի խնդիրն» է արգելք եղել, որ բանաստեղծը չի իրականացրել իր այդ մտադրությունը: Արամ Ինճիկյան /Թումանյանի կյանքի և ստեղծ. Պատմությունը 1869-1899թթ./
«1901թվի սեպտեմբերին Օհաննեսը Ալեքսանդրապոլ եկավ Աբասթումանից, ուր նա բժշկվում էր: Ճանապարհին կանգ էր առել Ախալքալաքում, այցելել էր Փարվանա լիճը, որի հայտնի լեգենդի մասին վաղուց ի վեր մտորում էր: Լսել էր Թմկաբերդի լեգենդը: Չէր կարողացել գնալ բերդը տեսնելու, սակայն Աբուլ լեռան լանջերից դիտակով նայել էր բերդին, որի բուրգերը հեռվից աղոտ ուրվագծվում էին:

Խանդավառ խոսում էր Թմկաբերդի ու Փարվանայի լեգենդների մասին. նրա երևակայության մեջ կամաց-կամաց կենսագործվում էին այդ չքնաղ պոեմները: Ալեքսանդրապոլում, իրար ողջագուրելուց անմիջապես հետո, Օհաննեսն ասաց.
-Անիում դեռ չեմ եղել, շատ եմ ուզում տեսնել, անպատճառ գլուխ բեր էդ բանը, շատ եմ խնդրում:
-Աչքիս վրա, դրանից էլ հեշտ բան ի՞նչ կա:
Մի երկու օր անց բանաստեղծ Հովհաննես Կոստանյանի հետ, որն իմ մորաքրոջ որդին էր, ճանապարհ ընկանք դեպի Անի: Կանգ առանք մեր տանը` Ղազարապատ գյուղում, հանգստանալու և մորս տեսնելու: Օհաննեսը մեր ջրաղացի վարպետին ու գյուղացիներին, որոնք հեքիաթներր և ժողովրդական երգեր գիտցողներ էին, հարցնում էր «Հազարան Բյուլբուլի» մասին, գիտեի՞ն արդյոք, և ուրիշ ֆոլկլորի նյութերի մասին: Ժամերով զրույց էր անում նրանց հետ և լսածները գրում տետրակի մեջ: Երկու գիշեր միայն կարողացանք մնալ մեր տանը, Օհաննեսը անհամբեր էր, ուզում էր շուտով տեսնել Անին: Մեր գյուղից մինչև Անի հազիվ 25կմ լիներ: Այցելեցինք Հոռոմոսի նշանավոր վանքին, որի նախագավիթը սքանչելի է: Հովհ. Կոստանյանը մեզ նկարեց Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ-ձախ կողմում:d Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին և բուրգերին. Օհաննեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը, հայացքը շարունակ պարիսպներին:
-Ի՞նչ ես շտապում,-ձայնում եմ ես,-Սմբատ թագավորը դեռ քո գալու մասին լուր չունի:
Օհաննեսը դառնում, խոժոռ նայում է ինձ և լայն քայլեր նետում»: Ավ. Իսահակյան
Հայաստանի խորհրդայնացման տարիներին անգնահատելի էր Թումանյանի կատարած դերը: 1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով, բազմաթիվ այլ գործիչների հետ բանաստեղծը եկել է Երևան Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: «Նա հրաժարվում էր, խնդրում իրեն ազատ թողնել, որպեսզի գրականությամն զբաղվի»,  մտաբերել է հետագայում Լեոն: Սակայն շրջելով Երևանի փողոցներով, տեսնելով ծանր ու դաժան պատկերներ մյուս օրը ժողովի ժամանակ բանաստեղծն ասում է. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջինն էր, որ Թումանյանը հասցրեց անել իր ժողովրդի համար:
Հայ ժողովրդի մեծ բանաստեղծի բազմափորձ ու իմաստուն կյանքի ճանապարհին արտասահմանյան ուղևորության շատ առիթներ են եղել, բայց միայն մեկ անգամ  և այն էլ` իր կյանքի նախավերջին տարում, անհետաձգելի ու կենսականորեն անհրաժեշտ եղավ նրան ուղևորվելու արտասահման` Կ. Պոլիս, որն այն ժամանակ արևմտահայության խոշոր կենտրոն էր: Այդ ուղևորությունը տեղի է ունեցել 1921թ. հոկտեմբերի վերջերից մինչև դեկտեմբերի 22-ը: Մոտ երկամսյա այդ ուղևորությունը, իր ծրագրերով ու խնդիրներով, մեծ բանաստեղծի /սովետական շրջանի/  հանրային քաղաքական գործունեության ամենանշանակալից փաստն է, որը բնութագրում է նրան որպես իր մայր ժողովրդի պատմական ճակատագրի հետ կենսականորեն կապված գրողի ու հասարակական գործչի: Նրա այս կարճատև ուղևորությունը բախտորոշ նշանակություն ունեցավ նորահաստատ կազմակերպության` ՀՕԿ-ի հետագա գործունեության համար, առանձնապես սփյուռքի հայությանը հայրենիքի հետ կապելու, նրանց միջև համագործակցություն հաստատելու խնդրում` ի նպաստ կիսավեր ու սովամահության ահեղ վտանգին ենթակա Մայր երկրի վերականգնման ու զարգացման գործին:
Թումանյանի ուղևորությունը նշանավորվում է նաև պոլսահայ գրական-գեղարվեստական կյանքի համար մի կարևոր նախաձեռնությամբ` Հայ արվեստի տան /Հայարտուն/ կազմակերպումով: Պոլիսը արևմտահայ գրականության ու արվեստի ամենախոշոր կենտրոնն էր, բայց չկար մի ընդհանուր մարմին` կազմակերպություն, որը միասնական ծրագրերով համախմբեր բոլոր գրողներին ու արվեստագետներին ` նպաստելու ազգային գեղարվեստական մշակույթի զարգացմանը: Թիֆլիսի Հայարտան օրինակով` Թումանյանի նախաձեռնությամբ 1921թ. դեկտեմբերին հիմնադրված Պոլսի Հայարտունը այդ համախմբող կենտրոնն էր դառնալու: Թումանյանի գործունեությունը որպես ՀՕԿ-ի նախագահի տևել է ավելի պակաս, քան մեկ տարի, բայց անգնահատելի է նրա մատուցած ծառայությունը հայրենիքին, իսկ արտասահմանյան երկամսյա ուղևորությունը նրա հարուստ կյանքի ամենապայծառ էջերից մեկն է. «Ես միայն սկսեցի, հիվանդությունս խանգարեց…» ,-տխրությամբ ասել է բանաստեղծը, որ ի վիճակի չի եղել շարունակելու իր սկսածը: Թումանյանը Պոլսից վերադարձավ այլևս անբուժելի հիվանդ:

Leave a comment